Ի՞նչ է Air Waybill (AWB)-ը և ինչ դեր ունի այն մաքսային ձևակերպման ժամանակ

09/11/2026
Post Image

Օդային ճանապարհով բեռների տեղափոխման հիմնական փաստաթղթերից մեկը Air Waybill-ն (AWB) է՝ օդային բեռնագիրը։

Այն պարունակում է կոնկրետ առաքման վերաբերյալ հիմնական տեղեկությունները և օգտագործվում է բեռի փոխադրման, նույնականացման, պահեստային ընդունման և մաքսային ձևակերպման ընթացքում։

Ի՞նչ է նշվում AWB-ում

Air Waybill-ում սովորաբար նշվում են՝

  • Shipper — բեռն ուղարկողը,
  • Consignee — բեռի ստացողը,
  • մեկնման և նշանակման օդանավակայանները,
  • փոխադրման երթուղին,
  • No. of Pieces (RCP) — բեռի տեղերի քանակը,
  • Gross Weight — համախառն կամ բրուտո քաշը,
  • Chargeable Weight — հաշվարկային քաշը, որի հիման վրա սովորաբար հաշվարկվում է օդային փոխադրման արժեքը,
  • Nature and Quantity of Goods — բեռի անվանումը, քանակը, անհրաժեշտության դեպքում՝ չափերը կամ ծավալը,
  • Handling Information — բեռի հետ վարվելու հատուկ պայմանները և լրացուցիչ տեղեկությունները։

Օրինակ՝ եթե բեռը պահանջում է հատուկ ջերմաստիճանային ռեժիմ, պարունակում է չոր սառույց, վտանգավոր նյութ կամ ունի այլ առանձնահատուկ պահպանման պայմաններ, համապատասխան տեղեկատվությունը կարող է արտացոլվել AWB-ի Handling Information բաժնում և ուղեկցող փաստաթղթերում։

Մաքսային ձևակերպման համար կարևոր է, որ AWB-ում նշված ստացողը, ուղարկողը, ապրանքի նկարագրությունը, տեղերի քանակը և քաշը համապատասխանեն առևտրային և մյուս ուղեկցող փաստաթղթերին։

MAWB և HAWB․ ի՞նչ տարբերություն կա

Օդային փոխադրումներում հաճախ հանդիպում են երկու հապավումներ՝ MAWB և HAWB։

MAWB — Master Air Waybill
Հիմնական օդային բեռնագիրն է, որը կապված է ավիափոխադրողի կողմից իրականացվող փոխադրման հետ։ Մեկ MAWB-ի ներքո կարող են տեղափոխվել մի քանի հաճախորդների համախմբված բեռներ։

HAWB — House Air Waybill
Ֆրեյթ ֆորվարդերի կողմից կոնկրետ հաճախորդի կամ առաքման համար ձևակերպված բեռնագիրն է։

Օրինակ՝ մեկ ֆորվարդեր կարող է Չինաստանից Երևան ուղարկել տարբեր ընկերությունների բեռներ մեկ MAWB-ով, իսկ յուրաքանչյուր ստացողի բեռն ունենալ իր առանձին HAWB-ը։

Այդ պատճառով մաքսային ձևակերպման ժամանակ կարևոր է հասկանալ՝ որ HAWB-ն է վերաբերում հենց տվյալ ստացողի բեռին և որ MAWB-ի ներքո է այն տեղափոխվել։

Իսկ ի՞նչ է Cargo Manifest-ը

Cargo Manifest-ը AWB չէ։

Եթե AWB-ն վերաբերում է կոնկրետ առաքմանը, ապա մանիֆեստը տվյալ չվերթով տեղափոխվող բեռների ընդհանուր ցանկն է։

Մանիֆեստում սովորաբար արտացոլվում են տվյալ չվերթի բեռնագրերի համարները, յուրաքանչյուր առաքման տեղերի քանակը, քաշը և բեռի ընդհանուր բնույթը։ Այսինքն՝ մանիֆեստը կապում է կոնկրետ բեռները տվյալ օդանավի և չվերթի հետ, իսկ յուրաքանչյուր առաքման ավելի մանրամասն տվյալները ներկայացված են համապատասխան AWB-ում։

Ի՞նչ է տեղի ունենում բեռը պահեստ ընդունելիս

Երբ օդային բեռը ժամանում է Հայաստան և հանձնվում է ժամանակավոր պահպանության պահեստ, փաստաթղթային տվյալները համադրվում են փաստացի ժամանած բեռի հետ։

Գործնականում ուշադրություն է դարձվում հատկապես՝

  • փաստացի ժամանած տեղերի քանակին,
  • բեռի և փաթեթավորման վիճակին,
  • փաստաթղթերում նշված և փաստացի տվյալների համապատասխանությանը,
  • բեռի հատուկ պահպանման պայմաններին։

Ջերմաստիճանային ռեժիմ պահանջող, շուտ փչացող, վտանգավոր կամ պահպանման այլ հատուկ պայմաններ ունեցող բեռները պետք է տեղադրվեն դրանց համար նախատեսված համապատասխան պայմաններում։

Այսինքն՝ AWB-ն նկարագրում է առաքումը, Manifest-ը ցույց է տալիս, թե ինչ է տեղափոխվել տվյալ չվերթով, իսկ պահեստ ընդունելիս արդեն ֆիքսվում է փաստացի ժամանած բեռը։

Եթե, օրինակ, AWB-ում նշված է 10 տեղ, բայց փաստացի ժամանել է 9-ը, կամ առկա է քաշի, փաթեթավորման կամ այլ տվյալների անհամապատասխանություն, այն արդեն պահանջում է համապատասխան ճշտում մինչև հետագա գործընթացը։

Վտանգավոր բեռներ — Dangerous Goods (DG)

Օդային փոխադրումների ժամանակ որոշ սովորական թվացող ապրանքներ նույնպես կարող են դասակարգվել որպես վտանգավոր բեռներ։ Օրինակ՝ լիթիումային մարտկոցներ, որոշ քիմիական նյութեր, դյուրավառ հեղուկներ, գազեր և այլն։

Կախված ապրանքից՝ կարող են անհրաժեշտ լինել՝

  • UN Number — վտանգավոր նյութի միջազգային համարը,
  • Proper Shipping Name — պաշտոնական փոխադրային անվանումը,
  • վտանգավորության դասը,
  • Packing Instruction (PI),
  • համապատասխան նշագրումներ և պիտակավորում,
  • որոշ դեպքերում՝ Shipper’s Declaration for Dangerous Goods (DGD)։

Վտանգավոր բեռների դեպքում կարևոր է, որ ապրանքի դասակարգումը, փաթեթավորումը և փաստաթղթերը ճիշտ լինեն դեռևս մինչև բեռը ավիափոխադրողին հանձնելը։

Ինչո՞ւ է AWB-ն կարևոր մաքսային ձևակերպման համար

AWB-ում առկա սխալը կամ ինվոյսի, Packing List-ի և փաստացի բեռի միջև անհամապատասխանությունը կարող է լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն առաջացնել արդեն բեռի ժամանումից հետո։

Այդ պատճառով օդային բեռների դեպքում ցանկալի է AWB-ն և մյուս փաստաթղթերը ստուգել դեռևս մինչև բեռի ժամանումը Հայաստան։

REGULUS GROUP-ը իրականացնում է Զվարթնոցով ժամանող օդային բեռների մաքսային ձևակերպում և կարող է նախապես ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը՝ բեռի ժամանումից հետո մաքսային գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Կիսվել՝